Ինչու մեզ մոտ չի ստացվում հուշարձանները պահպանելու գործը

Սարհատ Պետրոսյան, Ճարտարապետ-քաղաքաշինարար, ուրբանլաբի հիմնադիր 
Սկզբնաղբյուրը՝ https://hetq.am/hy/article/111872


Տոնական հանդիպումներում հնարավոր չեղավ շրջանցել վերջին շաբաթներին տարբեր հարթակներում բազմիցս քննարկված՝ Միքայել Մազմանյանի և Հովհաննես Մարգարյանի նախագծած Հայպետհրատի համալիրի տարածքում ընթացող, շատերի կողմից ապօրինի որակված շինարարական աշխատանքների թեման։ Եվ կրկին օդում սավառնում է այն հարցը, թե ինչու մեզ չի հաջողվում ունենալ հստակ մոտեցում մեր ժառանգությանն ու, առհասարակ, պատշաճ կերպով կառուցապատել մեր գյուղերն ու քաղաքները, ճանապարհների շրջակայքը, և ինչու է ընդհանրապես մարդածին ցանկացած միջամտություն ինչ-որ առումով խնդրահարույց դառնում։ 

Չհավակնելով այս հարցին վերջնական  պատասխան տալուն, փորձեմ մի քանի կետերով մատնանշել  հիմնական պատճառներն ու որոշակի լուծումներ առաջարկել, որոնք տարիներ շարունակ տարբեր ձևաչափերով բարձրաձայնել են ոլորտի տարբեր մասնագետներ։

Պատմականորեն ձևավորված միջավայրերում, որտեղ ունենք ժառանգության պահպանության և արդի պահանջներին համապատասխան կառուցապատում իրականացնելու խնդիր, լավագույն լուծումները գտնելու համար մենք չենք կարողանում կիրառել պատշաճ գործիքակազմ, քանի որ. 

Ա. Ավելի վաղ շրջանի, մասնավորապես միջնադարյան հոգևոր ժառանգության համատեքստում շարունակաբար թերարժևորում ենք ոչ վաղ անցյալի՝ 17-20-րդ դարերի ժառանգությունը։

Բ. Մասնագիտական հանրույթի շրջանում ժառանգության պահպանության ու ոլորտի քաղաքականության վերաբերյալ առկա չեն համընդհանուր կոնսենսուս ու սկզբունքներ։  

Գ. Կենտրոնացված որոշումների ընդունման քաղաքական համակարգում տեղական կամ քաղաքային մակարդակով (հատկապես Երևանի դեպքում) որոշումների ընդունման մշակույթն ու ալգորիթմը բացակայում են և, ըստ այդմ, չեն կարևորվում կառավարման համակարգում տեղական մակարդակում նյութական և ոչ նյութական ժառանգության հետ կապված որոշումները:

Դ. Հանրային կառավարման ոլորտում բացակայում են արժեքային համակարգն ու դրանից բխող առաջնահերթությունները, երկարաժամկետ մտածողությունը, ինչի արդյունքում ժառանգության պահպանությունը դիտարկվում է որպես բեռ և ոչ՝ տնտեսական զարգացման հնարավորություն։

Այն, որ ավելի վաղ շրջանի դոմինանտ դեր ունեցող ժառանգության գերարժևորումը կարող է ազդել ոչ վաղ անցյալի կամ ավելի ճիշտ՝ ուշ միջնադարի ու նոր շրջանի, հատկապես ուրբանիզացված տարածքների ժառանգության պահպանման վրա, կարծում եմ, բոլորը կընդունեն։ Դա հատկապես ցայտուն է այն ազգերի մոտ կամ այն երկրներում, որտեղ նշված փուլերի միջև տեղի է ունեցել խզում։ Դրա լավագույն օրինակներից է հունական քաղաքներում (չշփոթե՛լ գյուղական բնակավայրերի հետ) առկա վիճակը, որոնցից հատկապես Աթենքը համարվում է դասագրքային օրինակ, թե ինչպես չի կարելի պատմականորեն ձևավորած քաղաքը կառուցապատել։ Իտալական քաղաքներում ունենք տրամագծորեն տարբեր իրավիճակ, պետականության շարունակականության շնորհիվ նրանց հաջողվել է լավագույնս պահպանել իրենց պատմական քաղաքներն ու ֆրանսիացի մասնագետների հետ սահմանել առհասարակ ժառանգության պահպանության կառուցակարգերը համաշխարհային մակարդակով։ 

Մեզ մոտ դրա լավագույն դրսևորումներից է խորհրդային տարիներին պետության կողմից մասնագիտական շրջանակներին հատկացված միջոցների ուղղումը դեպի միջնադարյան ժամանակաշրջանի ուսումնասիրություն, և միայն չնչին մասն, այն էլ՝ միայն 70-80-ական թվականներին և դեպի այն ժամանակաշրջանը, որը կարող էր հանդիսանալ արդի շրջանի քաղաքային զարգացման խնդիրների մի մասը. այսինքն, քաղաքային միջավայրի ու կենցաղի պահպանությունը և զարգացումը։ Իհարկե, վերջին մեկ ու կես տասնամյակում ունենք իրավիճակի շոշափելի փոփոխություն, և տարբեր կազմակերպություններում իրականացվում են քաղաքային ժառանգության խնդիրների վերաբերյալ հետազոտություններ, բայց միայն ու միայն հանրային դաշտից ստացված ազդակների շնորհիվ, որն էլ իր հերթին չնչին ազդեցություն է թողնում հանրային ու մասնագիտական հանրույթի վրա։ 

Աթենքի զարգացումները հիմնականում տեղի են ունեցել 20-րդ դարի վերջին տասնամյակների ընթացքում, Երևանում՝ 21-րդ դարի առաջին տասնամյակներում և, ցավոք, այսօր դա կարծես թե նույնկերպ շարունակվելու միտում ունի։ Գրեթե վստահ եմ, որ այսօր արդեն նույն Աթենքում նման մոտեցումները չեն կարող գերակշռող լինել, սակայն, ցավոք, մեզ մոտ դրանք դեռ շարունակվում են։ Այս մտածողության փոփոխությունը կարելի է և հեշտ է իրականացնել վերից վար՝ կառավարող շրջանակների կամ մասնագիտական հանրույթի ձևավորած կոնսենսուսի ու դրանից բխող սկզբունքների սահմանման միջոցով։ 

Ցավոք, 2000-ականներից ի վեր մասնագիտական հանրույթը, դժվարանում եմ հստակ նշել՝ բարեբախտաբա՞ր, թե՞ դժբախտաբար, ձևավորվել է ճարտարապետական հանրույթի առանցքի շուրջ և չի գրանցել շոշափելի հաջողություններ։ Դեռ պարզ չէ, թե ովքե՛ր, ի՛նչ կարգավիճակով և ինչպե՛ս պետք է մատնանշեն ցայտուն խնդիրների լուծումները, քանի որ դեռևս միմյանց են խառնված ճարտարապետությունը, տարածական պլանավորումը, ժառանգության կառավարումը, հուշարձանների վերականգնումը, քաղաքային միջավայրի ձևավորումը (urban design), կենսպատկերային դիզայնը (landscape design) ու, ավելին, դրանք չունեն պատշաճ փոխագործակցություն հարակից գիտակարգերի հետ։ Այսինքն, ցանկացած խոշոր ներդրումային գործընթացում վերոնշյալ դերակատարներից ո՞րը պետք է լինի հիմնական քարշակը, և ինչպե՞ս պետք է որոշումների պրոցեսում ներգրավի տարբեր տեսակի ինժեներ-մասնագետների, տնտեսագետների, բնապահպանների, սոցիոլոգների, մարդաբանների և իրավաբանների։ 

Չնայած այս մասով ևս կատարվել են հեղափոխական քայլեր, որոնցից հատկապես կարևոր են Հայաստանի ճարտարապետների պալատի ստեղծումն ու «ճարտարապետություն» մասնագիտության կրողների տարանջնատումը վերականգնող-ճարտարապետներից ու տարածական պլանավորման մասնագետներից։ 

Հոդվածների շարքը, որով 2018 թվականի ամռանը փորձում էի նոր կառավարությանը հուշել մեր բնագավառում առկա կառավարման խնդիրները, չունեցավ իր տրամաբանական շարունակությունը, և ժառանգության մասով կառավարման վերաբերյալ իմ նկատառումներով չհասցրեցի կիսվել։ Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայպետհրատի համակառույցի խնդրի պատճառով պետական կառավարման գործընկերների հետ քննարկումները հուշեցին, որ այստեղ մենք դեռ ունենք խորքային խնդիրներ։ Կփորձեմ հնարավորինս կարճ ներկայացնել ոլորտի կառավարման ընդհանրական խնդիրների մի քանի խմբեր, որոնցից յուրաքանչյուրը խորքային վերլուծությունների հիման վրա ապագայում կարող է ծառայեցվել բարեփոխումներին։

Որպես ելակետային պնդում պետք է ընդունենք, որ հանրային ընկալումներում պատամականորեն ձևավորված տարածքում միջամտությունը նախ ենթադրում է զգուշավորություն, և ցանկացած որոշում պետք է ապահովի նախ մասնագիտական, ապա հանրային (տեղական) ներառականություն։ Այո, նման միջավայրերում փոփոխություններ կատարելու գործընթացը պետք է լինի դժվար և դանդաղ, որը միակ տարբերակն է՝ նվազեցնելու սխալվելու ռիսկերը։ Իհարկե, այս ամենը պետք է լինի ոչ թե ինչ-որ պաշտոնյայի անձնական նախաձեռնությունը, այլ պետք է կարգավորվի օրենսդրությամբ։

Նախ պետք է նշել, որ հիմնական հարաբերությունները կարգավորող օրենքը Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրերի պահպանության կամ ավելի կարճ՝ Հուշարձանների մասին օրենքը, ընդունվել է 1998 թվականին և դրանից հետո կրել միայն դրվագային երկու (մեկական հոդված) փոփոխություն, որից մեկը նախաձեռնելու «մեղավորն» եմ։ Սա շատ ցցուն օրինակ է, որ ավելի քան քսան տարի է, ինչ չի եղել ոլորտում գլոբալ մակարդակով փոփոխություններ կատարելու քաղաքական կամք և դրան ի հետևանք, չի եղել նաև մասնագիտական կարողություն։ Իհարկե, կարող եմ գոնե երկու դեպք հիշել, երբ փորձ է արվել օրենքի փոփոխության նախագիծ շրջանառել, սակայն դրանք հիմնականում եղել են եղածի մոդիֆիկացման դրսևորումներ և չեն հավակնել հիմնարար ու երկարաժամկետ փոփոխություն բերելուն։ 

Նույնկերպ տխուր վիճակում ենք ենթաօրենսդրական դաշտում։ Մեկ օրինակ՝ հուշարձանների հետ կատարվող գրեթե բոլոր հնարավոր գործընթացները վարվում են մեկ միասնական կարգով։ Չնայած այս կարգում ունենք ավելի հաճախակի փոփոխություներ, բայց այդտեղ առկա են բազմաթիվ խնդիրներ՝ օրենքի հետ մի շարք տարընթերցումներ, պատասխանատվության հետ կապված անհասկանալի կարգավորումներ, ինչպես նաև, ինչպես ողջ բնագավառին է հատուկ՝ եզրույթների խառնաշփոթ։ 

Հուշարձանների դաշտում հանրային միգուցե ամենաշատը քննարկված կարգավորումը, բնականաբար, պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկերն են, մասնավորապես, 2004 թվականին հաստատված՝ Երևան քաղաքի հուշարձանների ցանկը։ Շատ-շատերի կարծիքով, այն ունի լրջագույն խնդիրներ, որոնց պատճառով երկար տարիներ մանիպուլացվել է՝ տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից մեկնաբանվելով յուրովի։ Օրինակ, նույն Հայպետհրատի համալիրի Տերյան փողոցի հատվածում պահպանվող հուշարձանն ունի երեք հասցե՝ Տերյան փողոց 91, Իսահակյան փողոց 28, Գևորգ Քոչարի փողոց 4, և ավելին, ծանոթագրության բաժնում նշված է, որ շենքում գործում է Իսահակյան և Քոչար փողոցների անկյունում գտնվող Դրամատիկական թատրոնը ևս։ Սա միանշանակ ֆիքսում է, որ կառավարության որոշմամբ, երեք փողոցներին հարող հատվածներում ունենք պահպանվող հուշարձան։ Միևնույն ժամանակ, մշակույթի նախարարի կողմից հաստատված գերատեսչական մեկ այլ ակտով ու հուշարձանի՝ 2019 թվականին մշակված անձնագրով նշվում է, որ պահպանության ենթակա մասը միայն Տերյան փողոցի հատվածն է։ Այստեղ միանգամից բացվում է պահպանության ոլորտում առկա հիերարխիայի փնթիությունն ու «մոտավորապես» գործելաոճը։

Չնայած օրենքի վերնագրում առկա է «պատմական միջավայր» եզրույթը, ողջ Հանրապետությունում մատների վրա է կարելի հաշվել այն պատմական միջավայրերը, որոնք իրապես պահպանվում են։ Նույն Հայպետհրատի դեպքում, հարակից փողոցներով որպես մեկ ամբողջական համալիր պահպանվելու փոխարեն, այն ջլատվել ու դարձել է Տերյան փողոցին հարող ճակատը միայն։ Եվ այն դեպքում, երբ համալիրն իր կազմում ունի 20-րդ դարի բոլոր հնարավոր շերտերը ՝ 1930-ականների ստալինյան շրջան, 1960-ականների «հալոցքի», 1980-ականների «լճացման» դրսևորումներ, չհաշված ներքին տարածությունները, որոնք դեռևս տեղ-տեղ պահպանված տպագրական սարքերով ինդուստրիալ ժառանգության լավագույն նմուշներ են։ Ուստի օրենսդրության զարգացման հիմնարար փոփոխությունը պետք է լինի կետայինից՝ շենք առ շենք պահպանելուց անցումը միջավայրեր, այդ թվում և՝ ներքին տարածություններ պահպանելուն։ Իհարկե, մենք նման դեպքերում հաճախ հիմնականում կենտրոնանում ենք քաղաքային միջավայրերում առկա խնդիրների վրա, բայց պետք է հաշվի առնել նաև հատուկենտ պահպանված գյուղական թաղամասերն ու ավելի քան 70 տարեկան հասարակական բազմաթիվ շինությունները՝ ակումբներ, գործարաններ և այլն։ 

Կարգավորումներում նաև հստակ կերպով սահմանված չեն այն չափորոշիչները, որոնցով պետք է որոշվի հուշարձանը պահպանության տակ առնելու նպատահարմարությունը։ Դրանք շատ ընդհանրական ու լայն մեկնաբանման հնարավորություն տվող սահմանումներ են, որոնցում, օրինակ, առկա չեն չափելի կետեր, ինչպես օրինակ, ժամանակային բաղադիրչը։ 2013 թվականին մեր իրականացրած հարցման արդյունքում հանգեցինք 50 տարին որպես ուղենիշ ընդունելու գաղափարին. այսինքն, 50 տարուց ավելի վաղ կառուցված յուրաքանչյուր շինություն անհրաժեշտ է ներառել պահպանվող հուշարձանների ցանկում։ Իհարկե, կա այն թյուր կարծիքը, որ ցանկում ներառելուց հետո որևէ փոփոխություն չի կարելի անել այդ կառույցների հետ, սակայն մասնագիտական շրջանակներն ունեն միջամտության բազմաթիվ մակարդակներ, որոնց նպատակային և գրագետ օգտագործման դեպքում կարող ենք ունենալ հուշարձանի շահերից բխող ցանկալի արդյունք։

Կարգավորումներում նաև անհասկանալի է նախարարության կազմում գործող երկու հանձնաժողովների առկայությունը՝ փորձագիտական և գիտամեթոդական։ Մեկը զբաղվում է կառույցներին կարգավիճակ տրամադրելով, մյուսը մասնագիտական դիրքորոշում է հայտնում հուշարձանների տարածքներում նախանշված փոփոխությունների վերաբերյալ։ Իսկ քանի որ ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող փորձագետների շրջանակը փոքր է, դրանք հաճախ բաղկացած են նույն անձանցից։ Իհարկե, առանձին քննարկման առարկա պետք է լինի հանձնաժողովների անդամների նշանակման տրամաբանությունը՝ դրանց թափանցիկության մեծացումը և, ամենակարևորը՝ շահերի բախման բացառումը։ Հատկապես վերջինի մասով պետք են առարկայական քայլեր, քանի որ նույն փոքրաթիվ մասնագիտական հանրույթի ներկայացվածությունն ու նրանց կողմից իրականացվող նախագծերի քննարկման դեպքերը բազմաթիվ են։ 

Վերադառնալով կառուցապատված, այսինքն թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակավայրերում առկա ժառանգության պահպանությանը, ունենք շատ ավելի տխուր պատկեր։ Օրենսդրությամբ և մասնագիտական շրջանակներում հայտնի պատմամշակութային հիմնավորման նախագծերի միջոցով են նախատեսում պահպանել մշակութային ժառանգությունը։ Իմ կարծիքը, մեր երկրում տարածական պլանավորման (քաղաքաշինական ծրագրային) փաստաթղթերի համակարգի վիճակը հայտնի է շատերին՝ այն խայտառակ անտրամաբանական կառուցվածքի ու հերարխիայի պատճառով չի կարողանում լուծել որևէ խնդիր, ու ժառանգության պահպանության ու տարածական պլանավորման կապող հանդիսացող պատմամշակութային հիմնավորման նախագիծն իր էությամբ նույնկերպ չի կարող բավարար կերպով ապահովել ժառանգության պահպանությունը։ 

Կարևոր է նաև նշել, որ այս ամենի նպատակը  ժառանգության սոսկ պաշտպանությունը չէ, այլև ժառանգության արժևորման միջոցով տնտեսական կայուն զարգացում ապահովելը։ Եթե 2000-ականների մասնագիտական շրջանակները կայուն զարգացումը դիտարկում էին միայն սոցիալական, տնտեսական և միջավայրային խնդիրների համատեսքտում, ապա այսօր մշակույթը հանդիսանում է չորրորդ հիմնասյունը։ 

Հենց այս տողերը գրելիս աչքովս ընկավ  Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հանձնարարականը՝ դիտարկել որոշ բնակավայրերում փողոցները սալարկելու նպատակահարմարությունը «քաղաքի կոլորիտի համար»: Պատկերացրե՛ք, թե դա ինչ արդյունք կարող է տալ, եթե արվի պատմականորեն այդ տարածաշրջանին հատուկ քարերով։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերից չիջնող Գյումրիի փողոցի և «Ֆլորենս» ռեստորանի պատկերները կարող էին համարվել դրա լավագույն օրինակ, եթե իհարկե «Ֆլորենսը» վերականգնված լիներ գրագետ, իսկ փողոցները սալարկված լինեին տեղի պատմական, այլ ոչ թե մեկ այլ բնակավայրից բերված քարերի սալիկներով։ Ինչո՞ւ են սրանք կարևոր, քանի որ, պայմանականորեն՝ Վանաձորից բերված ավելի էժան գրանիտից ավելի էժան լինելու է չինական արտադրության գրանիտը, որը ողողելու է մեր պատմական բնակավայրերը, կամ Դիլիջանի ու Իջևանի տեղական կղմինդրին փոխարինելու է գալու մետաղակղմինդրը, ինչն արդեն տեսնում ենք Գորիսում։ 

Սրանք առաջին հայացքից երկրորդական կարող են թվալ, ինչպես ժամանակին թվացել են Նորավանքի տարածքում կառուցված ռեստորանի, Տաթևի ճոպանուղու կայարանի, հիմա նաև՝ Մայր Աթոռի տարածքում նոր կառույցների դեպքում։ Սրանցից առաջին երկուսը չի ստացվում ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, իսկ երրորդը՝ հաշվի առնելով վերջին մի քանի տարիներին Մայր աթոռի տարածքում ինտենսիվ կառուցապատումը,  շատ հնարավոր է, որ հանվի այդ ցանկից, կամ Հայաստանը ստանա նախազգուշացում։ Այդ ցանկում ներառված վայրերն այսօր զբոսաշրջության, հատկապես մշակութային զբոսաշրջության զարգացման համար հսկայական խթանիչ ներուժ ունեն, իսկ ինչպես գիտենք, մեզ մոտ հենց նման զբոսաշրջությունն է, որն ունի մրցակցային դիրք։ Սրանք խորքային խնդիրներ են, և միայն տարածական պատշաճ պլանավորման համակարգի ու դրանից բխող քաղաքականության մշակման դեպքում է հնարավոր այն դարձնել ազգային ու տեղական մակարդակով երկարաժամկետ ու կարճաժամկետ որոշումների ընդունման ալգորիթմ։

Իհարկե, կարևոր է նաև ստեղծել տարիներով քննարկվող, բայց այդպես էլ ամբողջական տեսք չստացող ժառանգության տեղեկատվական միասնական տարածական համակարգի՝ կադաստրի ստեղծումը, ինտեգրելով այն մյուս ոլորտային կադաստրների հետ։ Այս համատեքստում կարևոր է նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի համակարգում հուշարձանի կարգավիճակ ունեցող շինությունների սեփականության իրավունքի սահմանափակում մտցնելը։ Այսօր երբ որևէ մեկը ձեռք է բերում գույք, հատկապես պետք է հաշվի առնել, որ հենց մասնավոր անձանց է պատկանում մեր պետության կողմից պահպանվող հուշարձանների մեծ մասը. նրանք այդ մասին տեղեկանում են ոչ թե որպես գույքային իրավունքի մաս, այլ որպես կառուցապատման գործընթացների նկատմամբ սահմանափակում։

Ամփոփելով, մեկ անգամ ևս նշեմ, որ «կովկասյան վագրի» վերածնվող սպասումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով դրանում անշարժ գույքի շուկայի ու զբոսաշրջության զարգացման մասնաբաժինը, պետք է օր առաջ վերանայել այս ոլորտում տարվող քաղաքականությունը։ Հետո ուշ է լինելու, քանի որ այսօրվա մեր խնդիրների մի մասն առաջացել է նույնկերպ որակված 2000-ականներին, և եթե դրան ավելացնենք զբոսաշրջային հոսքերի աճն, ապա պարզ կդառնա, որ մեր երկրի բնությունն ու մշակութային ժառանգությունն այդպես գովազդելով, մենք հենց այդ նույն բնությունն ու ժառանգությունը պահպանելու և զարգացնելու ներուժ չունենք և գիտենք միայն մեր ու այլոց «հոգու նուրբ լարերի» հետ խաղալու ձևը, որը, ցավոք, արդեն վաղուց բավարար պայման չէ։


///// Creative Common / 2009-2017 // urbanlab.am

Comments